Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ: Նա ուրախ է եղել հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և քննարկելու առաջիկայում Շվեյցարիայի պատվիրակության Հայաստան այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Մենք գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. դա վերաբերում է և Ցեղասպանության ճանաչմանը, և Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշմանը, և այլ հարցերի»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Նա ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության և այլ ոլորտներում բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավման միջոցառումները՝ ընդգծելով, որ անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել և վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի ապրանքաշրջանառությունը 2017-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ կա զարգացնելու մեծ ներուժ: Կողմերը քննարկել են առևտրական պալատի ստեղծման, գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության և նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: